ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. 19-ամյա ժամկետային զինծառայողի մահվան դեպքով ձերբակալվել է նրա համածառայակիցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն այսօր հայտնել էր` Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքում 19-ամյա զինծառայողի դի է հայտնաբերվել։
«Նախնական տվյալներով՝ սեպտեմբերի 30-ին` ժամը 23:40-ի սահմաններում, զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայողը, ոտնաձայներ լսելով, մտածել է, թե մոտեցողը հակառակորդի ԶՈւ զինծառայող է։ Նա, խախտելով մարտական հերթապահության կրման վերաբերյալ ՀՀ ՊՆ համապատասխան հրամանով սահմանված կանոնները, իրեն ամրակցված «АКМ» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել ծառայակցի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ զինվորը մահացել է»,–ասված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը):