Շատերիս մեջքն է ծռվում համակարգչի առջև, բայց քչերս ենք հաշվի առնում, որ դրանից ավելի անարդյունավետ ենք աշխատում, գործը չենք հասցնում, հետո էլ` դեղ ենք խմում կամ բժշկի գնում։ Այս խնդիրը լուծելու համար Նաիրի Բաղդասարյանը և իր թիմակիցները ստեղծել են նոր համակարգչային Bliink հավելվածը։
Այն պարբերաբար հետևում է մեջքի կեցվածքին, աչքերը թարթելուն և էկրանից ունեցած հեռավորությանը՝ համակարգչի տեսախցիկի և արհեստական բանականության ալգորիթմի միջոցով։ Նմանատիպ ծրագրերից այս մեկը ունի երկու էական տարբերություն, ընդգծում է Նաիրին։ Կան ծրագրեր, որոնք մեխանիկորեն (որոշակի պարբերականությամբ) օգտատիրոջն ուղարկում են հիշեցումներ («մեջքդ ուղղիր», «աչքերդ թարթիր» և այլն)։ Մինչդեռ այս ծրագիրը ծանուցում է ուղարկում միայն այն ժամանակ, երբ մենք «շեղվում ենք ճիշտ ուղուց»։ Իսկ հետո ծանուցումն անհետանում է, հենց ուղղում ենք մեր դիրքը կամ թարթում ենք։
Սրա հետ մեկտեղ ծրագիրն աշխատում է օֆլայն, այսինքն ոչ մի նկար սերվեր չի ուղարկում, ոչ էլ պահպանում է համակարգչի մեջ։ Ավելին, ծրագիրը մեզ չի էլ նկարում։ Թարթել–չթարթելը ստուգելու համար այն մեր դեմքի վրա ֆիքսում է մոտ մեկ տասնյակ առանցքային կետեր (այդ թվում` աչքի բիբերի և կոպերի վրա), և այդ կետերի հիման վրա հասկանում` արդյոք աշխատելաոճը առողջ է, թե ոչ։
Bliink հավելվածը
© Photo : provided by Nairi Baghdasaryan
Աշխարհում ընդունված բժշկական ցուցումների համաձայն՝ աչքերն անհրաժեշտ է թարթել րոպեում առնվազն տաս անգամ, մինչդեռ հաճախ մենք աչքերը երկար ժամանակ անթարթ սևեռում ենք էկրանին։ Սրա հետևանքով աչքերը չորանում են, կարմրում, ինչը երկարաժամկետ կարող է բերել տեսողության վատացման և քնի խանգարման։
Ծրագիրը հնարավորություն է տալիս օգտատիրոջը ընտրել ծանուցման պարբերականությունը (օրինակ` մեկ ժամում 10 անգամ), ինչպես նաև էկրանի վրա դրա դիրքն ու չափսը:
«Ինչ վերաբերում է մեջքի դիրքին, ապա օգտատերը հավելվածում կարող է ընտրել իրեն հարմար ճիշտ կեցվածքը (կախված աշխատասեղանից, տեսախցիկի դիրքից, և այլն), և ծրագիրն արդեն այդ դիրքը կհամարի որպես օրինակելի», – նշում է Նաիրին։
Իհարկե, երբ մենք ուղղվում ենք, որոշ ժամանակ հետո նորից ենք ծռվում. դա անխուսափելի է։ Բայց կրկնությունը գիտության մայրն է. տասնյակ հիշեցումներից հետո ճիշտ կեցվածքը «նստում» է մեր ենթագիտակցության մեջ և մեզ մոտ ձևավորվում է համակարգիչների հետ աշխատելու առողջ մշակույթ։
Նշենք, որ վերջին 20 տարվա մեջ աշխարհում մի շարք հետազոտություններով ապացուցվել է սխալ կեցվածքի ու ցածր արտադրողականության կապը։ Օրինակ, Նիդեռլանդներում կատարված շուրջ 2000 գրասենյակային աշխատողի հետազոտությունը ցույց է տվել, որ դրանցից 16%–ը բողոքում է մեջքի և պարանոցի ցավերից։ https://link.springer.com/article/10.1007/s10926-007-9095-y
Սրա մասին լավ գիտեն արտասահմանյան խոշոր ընկերությունները, որտեղ աշխատողների համար կազմակերպում են կարճ ընդմիջումներ և պարբերաբար իրականացնում են կրթական միջոցառումնե։ Այժմ բիզնեսը կկարողանա հետևել աշխատողների վիճակին նաև նոր ծրագրի օգնությամբ, ասում է Նաիրին։
Bliink-ը արդեն վաճառքի նախնական պայմանավորվածություններ ունի տեղական որոշ ՏՏ ընկերությունների հետ։ Թիմի հաջորդ խնդիրն արտասահմանյան շուկա դուրս գալն է, իսկ հետագայում` ունենալ այնքան եկամուտ, որ հայաստանյան դպրոցներին ու բուհերին ծրագիրը տրամադրվի անվճար։