ԵՐԵՎԱՆ, 01 հոկտեմբեր – Sputnik. Գեղարքունիքի մարզի տուժած բնակավայրեր այցելելուց հետո Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Համբարձում Մաթևոսյանը ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային
© Photo : official site of the Government of RA
Ըստ հաղորդագրության` դեսպանը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ ու վերահաստատել, որ Ճապոնիան պատրաստակամ է նպաստել խնդիրների լուծման խաղաղ կարգավորմանը։
Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմա
© Photo : official site of the Government of RA
Զրուցակիցները անդրադարձել են նաև քաղաքական և տնտեսական հարաբերություններում առկա ներուժի իրացման անհրաժեշտությանը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման և զբոսաշրջության ոլորտներում։
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման կարևորել է մարդկային շփումների և երիտասարդական փոխանակման ծրագրերի նախաձեռնումը՝ ի նպաստ երկկողմ մշակույթային երկխոսության խորացմանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտները, միջազգային կառույցների ներկայացուցիչներն այցելել էին Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայր` ծանոթանալու Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքներին։
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 28-ին Տոկիոյում հանդիպել էր Ճապոնիայի խորհրդարանի Խորհրդականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիին: Վերջինս տեղեկացրել էր, որ Ճապոնիան ամենուր խաղաղության կողմնակից է, և իրենք պատրաստ են աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: