«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նոր սարքավորմամբ է համալրվել` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը էկզոսկելետոն է տրամադրել։ Զինվորի տունը «Ֆեյսբուքի» էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ տղաները, որոնք ողնուղեղի հատվածում վիրավորում են ստացել, սարքի շնորհիվ կանգնում են և հայտնվում ուղղահայաց դիրքում։
Էկզոսկելետոնը նախատեսված է վերականգնողական բուժման համար։
Տղաներից մեկը Օհանջանյան Էրիկն է, որի մոտ վնասված է ողնուղեղը, կրծքային 7-րդ և 8-րդ ողերը, ստորին վերջույթների պլեկիա է (քայլքի անկարողություն)։
«Սարքի նպատակը ոչ թե քայլքի ֆունկցիան վերականգնելն է, այլ դրա միջոցով կանխարգլեվում են հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց մոտ առաջացող մի շարք խնդիրներ։ Մեծ և կարևոր հանգամանք էլ կա` հոգեբանական կողմը։ Տղաները սարքի միջոցով կանգնում են, հայտնվում են ուղղահայաց դիրքում»,– ասում է Զինվորի տան գլխավոր վերականգնող բժիշկ Լուսինե Պողոսյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շեշտում է, որ փորձագիտական համայնքի հետ քննարկումների արդյունքում է որոշում կայացվել ձեռք բերել էկզոսկելետոնը։ Սարքը ձեռք բերելուց հետո մրցույթ է հայտարարվել, ինչի արդյունքում հաղթող է ճանաչվել Զինվորի տունը։ Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել կենտրոնի փորձը, նոր տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտությունները։
Զինվորի տան գլխավոր կինեզոթերապիստ Նարեկ Ղազարյանն էլ հայտնեց, որ մոտ 2 ամիս առաջ իտալացի մի մասնագետ է ժամանել կենտրոն, որը սովորեցրել է աշխատել էկզոսկելետոնի հետ։