Լոռու մարզպետը Փաշինյանի «սև ցուցակում» է հայտնվել. «Հրապարակ»

Արամ Խաչատրյան
Լոռու մարզի 4 համայնքից միայն մեկում է հաղթել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Լոռու մարզում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները զայրացրել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Արդյունքում մարզպետ Արամ Խաչատրյանը հայտնվել է Փաշինյանի «սև ցուցակում։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակը»։
Ըստ թերթի` վարչապետին այնքան են զայրացել արդյունքները, որ սեպտեմբերի 26-ին մարզպետին արձակուրդ են ուղարկել` 8 օր` վճարվող, 2 օր՝ չվճարվող։
«Տեղեկություն կա, որ Փաշինյանը նրան փոխարինող է փնտրում։ Չի բացառվում, որ արժանի թեկնածու գտնելու դեպքում նրան ազատեն պաշտոնից»,– հայտնում է «Հրապարակը»։
Հիշեցնենք, որ մարզի 4 համայնքում տեղի ունեցան ընտրություններ՝ Գյուլագարակում, Լոռի Բերդում, Տաշիրում և Ալավերդիում։
Ձերբակալվել է Բերդի համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը
Թերթը գրում է, որ Ալավերդիում առաջատարն «Ապրելու երկիր» կուսակցությունն է, իսկ Լոռի Բերդում թեպետ ՔՊ-ն է հաղթել, սակայն մարզպետի շնորհքը չէ, այլ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, քանի որ վերջինիս հայրենի գյուղն է, և հայրն անձամբ է համակարգել ընտրական աշխատանքները։
«Ինչ վերաբերում է Գյուլագարակին, ապա այստեղ ընտրություններից մի քանի օր առաջ երրորդ ուժի ցուցակից 19 թեկնածուի պարտադրել են ինքնաբացարկ գրել, և ԿԸՀ-ի որոշմամբ չեղարկել են մասնակցությունը, սակայն դա էլ չի օգնել. ՔՊ-ն «50+1» չի հավաքել։ Անցած տարի էլ Խաչատրյանը ձախողել էր Վանաձորի ընտրությունները՝ գլխավորելով ՔՊ ցուցակը, մինչև հիմա Վանաձորը խելքի չի գալիս, իսկ Մամիկոն Ասլանյանի կալանավորվելն անընդհատ Փաշինյանի երեսով են տալիս»,– նշում է պարբերականը։
Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 25-ին Հայաստանի 8 մարզի 18 համայնքում։