Լուսավոր ու մաքուր. հրապարակվել են «Փակ շուկայի» հետիոտնային անցման վերանորոգման կադրերը

Տարածքն ամբողջությամբ կնորոգվի, կանցկացվի լուսավորության նոր համակարգ, սյուների եզրերով կտեղադրվեն նստարաններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը հրապարակել է «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցման հիմնանորոգման կադրերը։
Նշենք, որ գետնանցումը հիմնանորոգմամբ պայմանավորված` սեպտեմբերի 2-ից դեկտեմբերի 25-ը փակ է լինելու։
Այժմ տարածքից հեռացվում են տարիների ընթացքում կուտակված աղբն ու կոտրված սալիկները։
«Նպատակ ունեինք մի փոքր խորացնել տարածքը, արդյունքում ավելի մեծ տարածք ստանալ, բայց քանի որ գետնանցումը շատ ամուր և ցանցային հիմք ունի, մենք չենք փորձի որևէ կերպ դրա ճարտարապետական լուծումներին դիպչել»,– ասաց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը։
Նրա խոսքով` տարածքն ամբողջությամբ կնորոգվի, կանցկացվի լուսավորության նոր համակարգ, սյուների եզրերով կտեղադրվեն նստարաններ։ Աստիճանահարթակները կունենան ծածկեր, բազրիքներ։ Ջրահեռացումն էլ կկազմակերպվի պոմպերով։
Քաղաքացիների անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար առաջարկվում է օգտվել Մ. Խորենացու փողոց - Մ. Մաշտոց պողոտա խաչմերուկի կարգավորվող հետիոտնային անցումից կամ Մ. Մաշտոցի պողոտա - Գ. Լուսավորիչ (Պարոնյան) ստորգետնյա անցումից:
Հաջորդը պլանավորվում է վերանորոգել Պարոնյան փողոցի գետնանցումը։