Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին. ԱԳՆ

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը
Հայաստանը տևական խաղաղության հասնելու նպատակ ունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 2-ին Ժնևում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ժնևում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։ Այսպիսով` անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։ Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,– ասաց Հունանյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 19–ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում տեղի ունեցավ Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը։
Հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները մայիսին Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել Դուշանբեում: