Արմեն Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունում

ԱԽ քարտուղարը ԱՄՆ–ում է սեպտեմբերի 26-ից։ Այդ ընթացքում նա բազմաթիվ հանդիպումներ ւ քննարկումներ է ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի ու առկա իրավիճակի հնարավոր լուծման շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ–ում աշխատանքային հանդիպումներ է ունեցել Կենտրոնական հետախուզական գործակալության` Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակում:
Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան պաշտոնական էջում` առանց հանդիպման մանրամասները ներկայացնելու։
Նշենք, որ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը սեպտեմբերի 26-ից գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի միջնորդությամբ Վաշինգտոնում կայացել է Արմեն Գրիգորյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։
Եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել է ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Այցի ընթացքում Արմեն Գրիգորյանը հանդիպել է ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, «Քարնեգի» հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ, ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները։
Սեպտեմբեի 29-ին նույն խնդիրը Գրիգորյանը քննարկել է նաև ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ հանդիպմանը։ Երկուստեք կարևորվել են ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնի հետ։