ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Անկախ պետությունների համագործակցության ձևաչափը կարող է օգտակար լինել Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրների լուծման համար։ Նա այդ մասին հայտարարել է Մոսկվայում՝ ելույթ ունենալով ԱՊՀ անդամ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը։
«ԱՊՀ-ի աջակցությունը պահանջված կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև տիրող իրավիճակի կարգավորման համար»,- ասել է նա։
Նախարարը նաև հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար այժմ քննարկվում է ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու հնարավորությունը։
Նրանք կօգնեն բարենպաստ պայմաններ ստեղծել եռակողմ պայմանավորվածությունների իրականացման համար, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանազատմանը, երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Այս պահին հայտնի է, որ լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 210-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 4 անձ, 1 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: