Աննա Վարդապետյանը ներկայացրել է իր նոր տեղակալի թեկնածուին

Աննա Վարդապետյանի նախագահությամբ կոլեգիայի նիստ է անցկացվել
Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածուն վստահեցրել է, որ կանի հնարավորն ու անհնարինը դատախազության հեղինակությունը բարձր պահելու համար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կոլեգիայի նիստ է անցկացրել և ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արթուր Պողոսյանին։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
«Անդրադարձ է կատարվել Պողոսյանի կենսագրությանը, անձնական և մասնագիտական հատկանիշներին։ Կոլեգիայի անդամներն էլ կարծիք են հայտնել Արթուր Պողոսյանի մասին` ընդգծելով նրա մասնագիտական և մարդկային բարձր որակները, արհեստավարժությունը, աշխատանքի նկատմամբ սրտացավությունն ու նվիրվածությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Արթուր Պողոսյան
Վարդապետյանն էլ շեշտել է, որ ուրախ է Պողոսյանի` դատախազություն վերադառնալու կապակցությամբ և բարի ծառայություն է մաղթել վերջինիս։
Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածու Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել հնչած բոլոր կարծիքների ու գնահատականների համար՝ վստահեցնելով, որ կանի հնարավորն ու անհնարինը դատախազության հեղինակությունը, դատախազի պատիվն ու բարի համբավը բարձր պահելու համար:
Նշենք, որ Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո գրեթե անմիջապես պաշտոնից ազատեց գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Վահե Հարությունյանին։ Ավելի ուշ Վարդապետյանի հրամանագրերով աշխատանքից ազատվեցին նաև նրա տեղակալներ Արմեն Աֆանդյանը և Հայկ Ասլանյանը։
Բացի այդ, պաշտոնից ազատվել են նաև Վահե Հարությունյանի տեղակալներ Արսեն Սարդարյանն ու Սևակ Հովհաննիսյանը։
Ներկա պահին Վարդապետյանը երկու տեղակալ ունի` Աննա Գալյանն ու Գևորգ Բաղդասարյանը, որոնք այդ պաշտոններում նշանակվել են 2020թ–ի օգոստոսին և սեպտեմբերին։
Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն այս տարվա սեպտեմբերին ավարտվեց, և նա վերընտրվելու իրավունք այլևս չուներ։ Այդ պաշտոնը ստանձնեց Աննա Վարդապետյանը, որը ՀՀ պատմության ողջ ընթացքում առաջին կին գլխավոր դատախազն է։