ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից ՀՀ երեք զինծառայողի սպանության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նախնական տվյալով` 2022թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրետակոծության է ենթարկվել Ջերմուկի ուղղությամբ տեղակայված պաշտպանության տեղամասի դիրքերից մեկը, որի հետևանքով մահացու բեկորային վնասվածքներ են ստացել տվյալ զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Նահապետ Նվերի Մարգարյանը, նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, պայմանագրային զինծառայող, սերժանտ Հովհաննես Փայլակի Սուքիասյանը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդվարդ Հայկի Հովհաննիսյանը:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 29-ի կառավարության նիստում հայտարարեց, որ ադրբեջանական կողմը հերթական սադրանքն է իրականացրել` հարվածներ հասցնելով ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական խմբին։
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։