ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 13-15-ը տեղի ունեցած հրետակոծության հետևանքով ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում ընդհանուր առմամբ 192 բնակելի տուն է վնասվել, որոնցից մոտ 60-ը` ամբողջությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Ընդհանուր առմամբ 7 բնակավայրում վնասվել է քաղաքացիների անձնական օգտագործման 3 մեքենա, 2 գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության 2 մեքենա։ Հակառակորդի վերջին գործողությունների պատճառով խաղաղ բնակչության շրջանում կա 6 վիրավոր, 4 զոհ, և 1 անձի գտնվելու վայրն անհայտ է»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ նախարարության` զոհերից մեկը, վիրավորներից 4-ը, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, և անհետ կորած 1 քաղաքացին Գեղարքունիքի մարզից են
Նշվում է, որ Ներքին Շորժայում անջատվել են հեռախոսային և ինտերնետ կապերը, որոնք այժմ վերականգնվել են։
Սիսիան համայնքի 8, Կապան համայնքի 3, Տեղ համայնքի 1 և Վարդենիս համայնքի 2 բնակավայրում վնասվել են էլեկտրամատակարարման գծերը և Վաղատուր բնակավայրը սպասարկող գազատարը։
Ըստ նախարարության` ռազմական գործողությունների հետևանքով 3 բնակավայրում (Սոթք, Կութ և Ջերմուկ) վնասվել են նաև վարչական շենքեր և ենթակառուցվածքներ, Սիսիան համայնքում Նորավան–Աղիտու բնակավայրերը կապող ճանապարհը, Վարդենիսում Չարենցի փողոցը (վնասը եղել է արկի հարվածից)։
Ջերմուկ համայնքում վնասվել է 3 հյուրատուն, 1 առողջարան, ճոպանուղի և Տեղ համայնքի հանդիսության սրահը։ Կեչուտի ջրամբարի մեջ է 2 արկ է ընկել, սակայն վնաս չի հասցվել։
Գերատեսչության հաղորդագրությունում առանձին հատված կա Գեղարքունիքի մասին։
Ըստ այդմ` Վերին Շորժա բնակավայրում հրդեհվել է 5 բնակչի 40 հա խոտհարք, 10 հա գարու և 70 հա ցորենի տարածքներ։
Սոթք բնակավայրում վնասվել է վարչական շենքը, դպրոցի պատուհանները և մասնակի տանիքը։ Այստեղ մասնակի վնասվել է մոտ 120 բնակելի տուն։ Կութում վնասվել են գյուղապետարանի շենքը, բուժկետը, 2 բնակչի օժանդակ կառույցը, 1 ավտոմեքենա և 2 անասնագոմ։ Այրքում էլ վնասվել են դպրոցի պատուհանները։
Լուսակունք բնակավայրում ադրբեջանական ԶՈւ–ի նշանառության տակ է գտնվում 190 մեղվաընտանիք, վագոն տնակ և 2 գյուղտեխնիկա։