Պետությունն այսուհետ ավելի արագ կհոգա զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը

Զոհվածի ընտանիքների մի մասը հուղարկավորման կազմակերպման համար ստիպված են լինում անհրաժեշտ գումարը ձեռք բերել պարտքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-ից հետո Ադրբեջանի հարձակումների հետևանքով զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը կհոգա պետությունը։
Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում` ՀՀ ՊՆ առաջարկով։
Ադրբեջանը հարվածել է ՀՀ տարածքում ինժեներական աշխատանքներ կատարող խմբին. Փաշինյան
Որոշման հիմնավորման համաձայն` նպատակն այն է, որ զոհածների ընտանիքներին հուղարկավորության ծախսը տրամադրվի ոչ թե հուղարկավորությունից հետո` 30 օրվա ընթացքում, ինչպես արվում է հիմա, այլ մինչ հուղարկավորությունը։
«Զոհվածի ընտանիքների մի մասը հուղարկավորման միջոցառման կազմակերպման համար ստիպված են լինում անհրաժեշտ գումարը ձեռք բերել պարտքով` հարազատներից կամ այլ անձանցից, և այդ հանգամանքը բացասաբար է անդրադառնում նաև վերջիններիս բարոյահոգեբանական վիճակի վրա»,– ասված է նախագծում:
Խնդիրն այն է, որ նախապես վճարման տարբերակը գործում է ռազմական դրություն հայտարարված լինելու ժամանակ, մինչդեռ ներկա պահին Հայաստանում ռազմական դրություն հայտարարված չէ։ Արդյունքում` հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանով զոհված զինծառայողների ընտանիքները, գործող կարգի համաձայն, հատուցում ստանալու համար պետք է դիմում ներկայացնեն պաշտպանության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանություն։
Հնդկաստանը Հայաստանին 250 մլն դոլարի զենք և զինամթերք կմատակարարի. ԶԼՄ
Կառավարության որոշմամբ հաստատված նոր կարգով` անկախ ռազմական դրություն հայտարարված լինելու հանգամանքից, սահմանված 700 000 դրամի չափով հուղարկավորման ծախսերի հատուցումը զոհված զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի նախապես` մինչև հուղարկավորությունը։
Որոշումը կտարածվի 2022թ. սեպտեմբերի 13-ից հետո զոհվածների ընտանիքների վրա։