Պետական աշխատավարձերը կավելանան, պարգևավճարները կնվազեն. ֆինանսների նախարար

Տիգրան Խաչատրյան. Արխիվային լուսանկար
Կառավարությունը հաստատեց 2023թ–ի պետական բյուջեի նախագիծը։ Պետական աշխատողների աշխատավարձերի ընդհանուր վարձատրությունը կավելանա 21 մլրդ դրամով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում հաստատված 2023թ-ի պետական բյուջեի նախագծով 21 մլրդ լրացուցիչ գումար է նախատեսվել հանրային հատվածի աշխատողների աշխատավարձերի ավելացման համար:
Այս մասին բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Թե կոնկրետ որ աշխատողների աշխատավարձերն ու ինչ չափով կավելանան, նախարարը խոստացավ մանրամասն պարզաբանումներ ներկայացնել առաջիկայում։
Մինչ այդ միայն հիշեցրեց, որ այսօր պետական համակարգում եկամտի 2 հիմնական մոտեցում է գործում. բազային աշխատավարձի նկատմամբ որոշվող հիմնական աշխատավարձը և պարգևավճարները։
«Նախատեսվող փոփոխությունը վերաբերում է բազային աշխատավարձի ավելացմանը, որը ընկած է ընդհանուր աշխատավարձերի հաշվարկման հիմքում և ներկայումս սահմանված է 66 140 դրամի չափով: Փոփոխված համակարգում բազային աշխատավարձը կսահմանվի 83 200 դրամ: Այս աշխատավարձի բարձրացումը որոշ չափով փոխհատուցվելու է պարգևավճարների և հավելավճարների համար հատկացվող ընդհանուր գումարը վերաբաշխելու եղանակով: 2023-ին ավելի քիչ պարգևավճարներ և հավելավճարներ են լինելու»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ կառավարության այսօր ընդունած մեկ այլ որոշմամբ, ՀՀ–ում նվազագույն աշխատավարձը 2023թ–ի հունվարի 1-ից կավելանա 7000 դրամով` ներկայիս 68 000–ից հասնելով 75 000 դրամի։ Բազային աշխատավարձի չափի փոփոխությունը ևս պայմանավորված է նվազագույն աշխատավարձի չափի վերանայմամբ։