ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Ռուսաստանի սպորտի նախարար Օլեգ Մատիցինը հոկտեմբերի սկզբին մտադիր է այցելել Հայաստանի «Ծաղկաձոր» մարզաբազա: Նա այս մասին հայտնել է «ԵԱՏՄ. սպորտային համագործակցությունը գլոբալ փոփոխությունների դարաշրջանում» նիստում, որը տեղի է ունենում «Ռուսաստանը մարզական տերություն է» միջազգային համաժողովի շրջանակում:
«Մեկ շաբաթից նախատեսում ենք Ծաղկաձոր գալ։ Այս բազան արդյունավետ աշխատում է, տասնյակ ու հարյուրավոր օլիմպիական չեմպիոններ այնտեղ վերապատրաստում են անցել։ Մենք շարունակելու ենք համագործակցել։ Դա կարևոր է մեր բարդ ժամանակներում»,-ասել է ռուս նախարարը։
Մատիցինը հիշեցրել է, որ հոկտեմբերի 2-ին Սոչիում կկայանա ամառային պարալիմպիկ խաղերի բացումը:
«Ուզում եմ հավաստիացնել, որ նախարարությունն առավելագույնս ակտիվ միջազգային քաղաքականություն է վարում։ Մենք եղել ենք Ուզբեկստանում, մեր առաջարկով սպորտի շաբաթ է անցկացվել։ Հիմա մենք գալու ենք Ծաղկաձոր։ Կարևորը հարաբերություններ կառուցելն է, որ միջազգային հանրությունը տեսնի` մենք չենք թուլացել պատժամիջոցների ժամանակ, գնահատել ենք մեր ներուժը ու վստահորեն նայում ենք ապագային»,–եզրափակել է Մատիցինը։
Հիշեցնենք, որ «Ծաղկաձոր» սպորտային համալիրը Հայաստանում բացվել է 1967 թվականին, այն հատուկ կառուցվել է 1968 թվականին Մեխիկոյում կայանալիք Օլիմպիական խաղերին խորհրդային մարզիկներին նախապատրաստելու համար: 1986 թվականին համալիրի կողքին բացվել է «Ծաղկաձոր» լեռնադահուկային հանգստավայրը։