Խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել. Կլաարն անդրադարձել է սահմանային նոր էսկալացիային

Եվրոպացի դիվանագետը նշել է, որ անվտանգությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պահպանվում են սահմանները, և զորքերը միմյանցից մոտ հեռավորության վրա չեն գտնվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած նոր միջադեպը:
Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք մարդ:

«Այսօր կրկին ահազանգեր են ստացվել երեք սպանված զինվորների և մեկ վիրավորի մասին։ Այս և շատ այլ անիմաստ զոհերը սնուցում են ատելությունն ու անկայունությունը։ Անվտանգությունը, հիրավի, հնարավոր է միայն այն դեպքում, եթե պահպանվում են սահմանները, և զորքերը չեն բախվում միմյանց մոտ հեռավորությունից. խաղաղությունը չի կարելի ուժով պարտադրել», - նշել է Կլաարը Twitter-ում։

Ադրբեջանի ԶՈւ–ն պետք է դուրս գա Հայաստանի ինքնիշխան տարածքից. Փաշինյանի ելույթը Փարիզում
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը, սակայն, ադրբեջանցիները պարբերաբար խախտում են սեպտեմբերի 20–ից սկսած։