Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՀՀ տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքները Գրիգորյանը ներկայացրել է Կուպերին

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը կարևորել են ՀՀ զինված ուժերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերին, տեղեկանում ենք Անվտանգության խորհրդի գրասենյակից։ Հանդիպումը կահացել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, երկուստեք կարևորել են ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Գրիգորյանն ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 26-ին։ ՀՀ ԱԽ քարտուղարն ԱՄՆ–ում հանդիպել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հիմնախնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։
Կարևորվել է վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին հայտարարեց, որ զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք մարդ: