ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Փաշինյանին ներկայացրել է կատարած աշխատանքի նախնական արդյունքները

Ստանիսլավ Զասն ու Նիկոլ Փաշինյանը. Արխիվային լուսանկար
Առաքելության աշխատանքի արդյունքում նախատեսվում է զեկույց ներկայացնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ առաքելության աշխատանքների շրջանակում այսօր Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
Զասը ներկայացրել է Փաշինյանին ՀԱՊԿ առաքելության աշխատանքների նախնական արդյունքները, կողմերը մանրամասն քննարկել են դրանք ու տարածաշրջանում ստեղծված վիճակը։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված էին կազմակերպության առանձին մարմինների աշխատակիցներ հանդիսացող ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել հայ-ադրբեջանական սահման։
Առաքելության աշխատանքի արդյունքում նախատեսվում է զեկույց ներկայացնել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին ու առաջարկություններ անել դրա կարգավորման համար։
ՀԱՊԿ-ում բացատրել են, թե ինչու Զասը Երևանում չի հանդիպել Փաշինյանին
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները սեպտեմբերի 20–ից պարբերաբար խախտում են։