ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում ամեն երկրորդ մահվան դեպքը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով։ Մեր երկրում ամենաշատը մահանում են հենց այս պատճառով (մոտ 48 տոկոս)։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Դիանա Անդրեասյանը:
«Մինչև 2019 թ․-ը մենք ունեինք մահացության քանակի նվազեցում, սակայն 2020 թ․-ի իրադարձությունների (պատերազմ, Covid-19) հետևանքով ունեցանք ցուցանիշի աճ»,-ասաց բանախոսը։
Անդրադառնալով ռիսկային տարիքային խմբերին՝ բանախոսը նշեց, որ մինչև 70 տարեկան տղամարդկանց շրջանում, ի տարբերություն կանանց, շուրջ 2 անգամ ավելի շատ են դեպքեր գրանցվում․
«35-65 տարեկան տղամարդկանց խումբը համարվում է ռիսկային։ Պատճառները տարբեր են, օրինակ՝ ծխախոտի օգտագործում, զարկերակային բարձր ճնշման առկայություն և դրա կարգավորման թերի վերահսկում, ֆիզիկական թերակտիվություն, անառողջ սննդակարգ, ավելցուկային քաշի և ճարպակալում»,-նշեց նա:
Առողջապահության նախարարի սրտաբանության գծով խորհրդական Համլետ Հայրապետյանն իր հերթին նշեց, որ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է մշտապես դեղորայքային բուժում և պրոֆիլակտիկ ստուգումներ անցնեն։ Այսինքն՝ հետևողական լինեն։
«Հայաստանում առողջապահական մշակույթը բարձր մակարդակի վրա չէ. շատերը վիրահատվում են, բայց հետո չեն հետևում իրենց ու հիվանդությունը կրկնվում է»,–ասաց նա։
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սրտանոթային հիվանդություններից մահացությունների թիվը կազմում է 18,6 մլն (Հայաստանում տարեկան 17 հազար մարդ է մահանում այս պատճառով)։ Եթե համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ չիրականցվեն՝ ԱՀԿ-ի կանխատեսմամբ մինչև 2030 թ․-ն դեպքերի քանակը կհասնի 23 մլն-ի։