ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Այսօր օրվա ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, բացառությամբ կրակի ռեժիմի մի քանի խախտումների։ Սյունիք այցելած Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասաց ԳՇ պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը։
«Վերջին խոշոր խախտումը եղել է երեկ առավոտյան` Ջերմուկի շրջանում։ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են 82 միլիմետրանոց ականանետ և ԱԹՍ-ներ, որոնց հետևանքով զոհեր ենք ունեցել»,–ասաց Մարտիկյանը։
Նա հիշեցրեց, որ մինչ այդ էլ Ադրբեջանի ԶՈւ–ի ագրեսիվ գործողությունների հետևանքով ադրբեջանցիներին հաջողվել է մտնել այն դիրքեր, որտեղ մինչև վերջ կանգնած են եղել հայ զինվորները և սպանել նրանց։ Մարտիկյանը հայտնեց` ադրբեջանցիները սպանել են մեր վիրավորներին, սանհրահանգիչ և բուժաշխատող կանանց մարմինները խոշտանգել։
Մարտիկյանը նշեց նաև` Ադրբեջանը պնդում է, որ նախահարձակ են եղել, որպեսզի կանխեն հայկական ինչ-որ երևակայական գործողություններ։ «Որպես ԳՇ պետի տեղակալ` պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ ԶՈւ-ի կողմից ոչ մի նման միջոցառում պլանավորված չի եղել, քանի որ դա հակասում է մեր ռազմաքաղաքական ղեկավարության հրամաններին»։
Անդրադառնալով Թուրքիայի հայտարարություններին և բացահայտ աջակցությանը Ադրբեջանին` Մարտիկյանը նշեց, որ նման քայլերով Թուրքիան միտումնավոր լարվածություն է մտցնում տարածաշրջանում։
Սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք ապօրինաբար գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրակ են բացել սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը զոհվել է երեք մարդ:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
ՀՀ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 19-ին հայտարարեց, որ զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: