ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներն առաջարկում են թույլատրել քաղաքացիներին ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորումը։ Տեղեկությունը հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել «Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենքի նախագծին, որի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը և Անդրանիկ Քոչարյանը։
«Բովանդակային փոփոխություններում մի կարևոր կետ կա։ Մենք առաջարկում ենք թույլատրել քաղաքացիներին ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորումը կառավարության կողմից հատուկ սահմանված կարգով: Ոստիկանության մեր գործընկերներն այս պահի դրությամբ որոշակի ռիսկ են տեսնում, բայց մենք գտել ենք կոմպրոմիսային տարբերակ»,- հանձնաժողովի նիստում ասել է հիմնական զեկուցող Վիլեն Գաբրիելյանը։
Նախագծի հեղինակների կարծիքով՝ այս նախագծով բարձրացնում են հասարակության պաշտպանվածությունը:
Հիշեցնենք` Վիլեն Գաբրիելյանը ապրիլին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ օրինագիծը զենքի տիրապետման բոլորովին նոր մշակույթ կստեղծի Հայաստանում, թույլ կտա պայքարել դրա անօրինական շրջանառության դեմ և ընդհանուր առմամբ կավելացնի քաղաքացիների գիտելիքներն ու զենքի հետ վարվելու հմտությունները:
Օրինագիծն առաջարկում է քաղաքացիների համար էապես մեղմել հրազեն ձեռք բերելու և պահելու կանոնները: Այսպես` զենք ձեռք բերելու համար սահմանվում է նվազագույն տարիքային շեմ՝ 21 տարեկան։ Բացի այդ, ակոսափող զենք ձեռք բերելու համար այլևս պարտադիր չէ ողորկափող զենքի տիրապետման առնվազն 5 տարվա փորձ ունենալը։