ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքից ազատել է գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետին։ Տեղեկությունը հրապարակվել է դատախազության կայքում։
Գլխավոր դատախազը հրամանը ստորագրել է` հիմք ընդունելով Վաղինակ Ջանազյանի դիմումը։
Ըստ փաստաթղթի` նա պաշտոնը կլքի հոկտեմբեր 3-ին։
Նշենք, որ Աննա Վարդապետյանը ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո գրեթե անմիջապես պաշտոնից ազատեց գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Վահե Հարությունյանին։ Ավելի ուշ Վարդապետյանի հրամանագրերով աշխատանքից ազատվեցին նաև նրա տեղակալներ Արմեն Աֆանդյանը և Հայկ Ասլանյանը։
Բացի այդ, պաշտոնից ազատվել են նաև Վահե Հարությունյանի տեղակալներ Արսեն Սարդարյանն ու Սևակ Հովհաննիսյանը։
Ներկա պահին Վարդապետյանը երկու տեղակալ ունի` Աննա Գալյանն ու Գևորգ Բաղդասարյանը, որոնք այդ պաշտոններում նշանակվել են 2020թ–ի օգոստոսին և սեպտեմբերին։
Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետն այս տարվա սեպտեմբերին ավարտվեց, և նա վերընտրվելու իրավունք այլևս չուներ։ Այդ պաշտոնը ստանձնեց Աննա Վարդապետյանը, որը ՀՀ պատմության ողջ ընթացքում առաջին կին գլխավոր դատախազն է։