Վարորդներից մեկը փող է առաջարկել պարեկին, մյուսը` հյուրասիրություն. 2-ին էլ ձերբակալել են

Պարեկային ծառայության մեքենա
Վարորդներից մեկը պարեկին առաջարկել է հյուրասիրել ռեստորանում, սակայն մերժում է ստացել, որից հետո 16 000 դրամ կաշառք է առաջարկել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում երկու վարորդի են ձերբակալել պարեկներին կաշառք առաջարկելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ պարեկները Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին կանգնեցրել են Կ. Մ.-ի վարած ավտոմեքենան անթույլատրելի տեղում վազանց կատարելու պատճառով:
«Կ. Մ.-ն մի քանի անգամ առաջարկել է կազմել տուգանքի ավելի փոքր չափ նախատեսող վարչական իրավախախտման արձանագրություն, սակայն պարեկային ծառայողների կողմից մերժում ստանալուց հետո գրպանից հանել է 15 000 դրամ և փորձել որպես կաշառք տալ նրանց: Նույն պահին ոստիկանության աշխատակիցները Կ. Մ.-ին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության բաժին»,- տեղեկացնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Վարորդի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Մեկ այլ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Ն.-ն չի ենթարկվել պարեկների` ավտոմեքենան կանգնեցնելու հրահանգին և դիմել է փախուստի: Պարեկները, սակայն, կանգնեցրել են ավտոմեքենան, այն տեղափոխել ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, որտեղ կատարվել է վարորդ Ա. Ն.-ի սթափության զննում: Արդյունքում պարզվել է, որ վերջինս գտնվել է ոչ սթափ վիճակում:
Վերոնշյալ արձանագրությունները կազմելու ժամանակ Ա. Ն.-ն մոտեցել է պարեկներից մեկին և ավտոմեքենան հատուկ պահպանվող տարածքից հանելու դիմաց առաջարկել ռեստորանում հյուրասիրել, սակայն մերժում է ստացել, որից հետո առաջարկել է 16.000 ՀՀ դրամ կաշառք: Կաշառք առաջարկելու կասկածանքով Ա. Ն.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին:
Ա. Ն.-ի նկատմամբ նույնպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Քրեական վարույթների նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Փիլոյանը 1 մլն դրամ կաշառք է ստացել իր խորհրդականի օժանդակությամբ. Հակակոռուպցիոն կոմիտե