Ուրսուլա ֆոն դեր Լյայենը «սաբոտաժ» է անվանել «Հյուսիսային հոսքերի» արտակարգ դեպքերը

«Հյուսիսային հոսք» գազատարներում արտակարգ պատահարներից հետո Ուրսուլա ֆոն դեր Լյայենը սպառնացել է պատասխան գործողություններով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք – 2» գազամուղներում տեղի ունեցած արտակարգ պատահարից հետո սպառնացել է պատասխանել եվրոպական էներգետիկ ենթակառուցվածքի «կանխամտածված խախտման» համար: Ընդ որում` չի հստակեցրել, թե կոնկրետ ում ։
«Եվրոպական էներգետիկ ակտիվ ենթակառուցվածքի ցանկացած կանխամտածված խախտում անընդունելի է և կհանգեցնի ամենավճռական պատասխան գործողությունների»,-սոցցանցերում գրել է ԵՀ-ի նախագահը:
Ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ «սաբոտաժի ակտը» արդեն քննարկել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ: Եվրահանձնաժողովի ղեկավարը կոչ է արել միջադեպերի հետաքննություն անցկացնել տեղի ունեցածի պատճառների մասին լիակատար հստակություն ստանալու համար:
Ավելի վաղ Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ասել էր, որ «Հյուսիսային հոսքի» վնասումը տեղի է ունեցել պայթյունների հետևանքով: Ստոկհոլմը շարունակում է տեղեկատվություն հավաքել և չի բացառում որևէ պատճառ, որևէ գործող անձ կամ դրդապատճառ:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նույնպեսն հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարում տեղի ունեցած միջադեպը պատահական չէ, և բոլոր հասանելի տեղեկությունները ցույց են տալիս, որ դա դիտավորյալ գործողության արդյունք է:
Ընդ որում` Լեհաստանի նախկին արտգործնախարար Ռադեկ Սիկորսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած արտակարգ պատահարի համար: Իր սոցցանցում նա գրել է. «Շնորհակալություն, ԱՄՆ»։
Համացանցում ակտիվորեն քննարկվում է միջադեպին Նահանգների հնարավոր մասնակցությունը ։
Նախօրեին հայտնի էր դարձել «Հյուսիսային հոսք - 2»-ում ճնշման կտրուկ անկման մասին, այն լցվել էր տեխնիկական գազով։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ ճնշման անկում է գրանցվել նաև «Հյուսիսային հոսք» գազատարի երկու գծերի վրա։ Nord Stream AG ընկերությունից ասել էին, որ երկու գազամուղների երեք ուղիների միաժամանակյա փլուզումները աննախադեպ բնույթ են կրում: Չի բացառվում, որ արտակարգ պատահարի կարող էր հանգեցնել դիվերսիան, իսկ շվեդ սեյսմոլոգները նույնիսկ երկու պայթյուն են արձանագրել «Հյուսիսային հոսքերի» շրջանում։