Ճգնաժամից դուրս գալու պատասխանատվությունը դեռ իշխանության վրա է. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համոզված է, որ եթե իշխանությունն ունենար կոնսոլիդացիայի կարիք, կգնար գործնական քայլերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ճգնաժամից երկրները դուրս է հանում կառավարությունները, իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը։ Ձեր հարցը ճիշտ հասցեատերերին չեք ուղղում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ո՞րն է նրա առաջարկած ցավոտ լուծումներից խուսափելու տարբերակը։
«Ընդդիմությունը ճգնաժամի ժամանակ կարող է իշխանափոխության հարց դնել, եթե բավարարում է ուժերը հասնել իշխանափոխության, հետո միայն կարող է հաղթահարել ճգնաշամը, որ կա»,- ասաց Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ ընդդիմությունը փորձել է հասնել իշխանափոխության, անգամ ընտրություններին մասնակցելով, բայց չի ստացվել։
«Կոնկրետ ես ընտրություններին մասնակցել եմ, պատրաստ եմ եղել ստանձնել պատասխանատվություն, չնայած որ այսօր իշխանության գալը պատիժ է։ Համաձայն եմ առաջին նախագահի հետ՝ չափազանց բարդ է»։
Քոչարյանը կարծում է, որ եթե իշխանությունը ունենար կոնսոլիդացիայի կարիք, կգնար գործնական քայլերի․ «Ո՞ւր է այդ նախաձեռնությունը։ Ինչո՞վ է արտահայտվել։ Ինչո՞ւ եք որոշել, որ ունի կարիք։ Չունի, որովհետև ինքը պատրաստ չէ բարձր նպատակների համար միավորել ժողովրդին»,- նշեց Քոչարյանը։
Ամփոփելով ՀՀ երկրորդ նախագահը նշեց՝ այսպիսով ճգնաժամից դուրս գալու պատասխանատվությունը դեռ իշխանության վրա է։
Հավակնո՞ւմ է ՀՀ վարչապետի պաշտոնին, թե ոչ. Ռոբերտ Քոչարյանի պատասխանը