Պեսկովն արձագանքել է Բլինկենի հայտարարությանը

Դմիտրի Պեսկով
Կրեմլն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ն չի արգելի, որ Ուկրաինան իրեն տրամադրված զենքը կիրառի այն տարածքներում, որոնք ՌԴ–ն կարող է հանրաքվեների արդյունքում իրենը հայտարարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Մոտ ապագայում ԱՄՆ-ն կարող է դառնալ ռուս–ուկրաինական հակամարտության կողմերից մեկը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Կրեմլն այսպիսով արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի այն հայտարարությանը, թե ամերիկյան իշխանությունները չեն արգելի Կիևին օգտագործել արևմտյան զենքը Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերին հարվածներ հասցնելու համար, որոնք պատրաստվում են միանալ Ռուսաստանին։
«Բացասական ենք վերաբերվում Բլինկենի հայտարարությանը: Դե ֆակտո ամերիկյան կողմն ավելի ու ավելի շատ է մտնում այս հակամարտության մեջ: Ամերիկյան կողմը մոտ է այս հակամարտության կողմ դառնալուն, ինչը չափազանց վտանգավոր է»,- ասել է Պեսկովը:
Հիշեցնենք` Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-27–ը հանրաքվե անցկացվեց Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ։
ԴԺՀ-ում քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու օգտին քվեարկել է 99,23%-ը, ԼԺՀ-ում՝ 98,42%-ը, Խերսոնի մարզում՝ 87,05%-ը, Զապորոժիեի մարզում՝ 93,11%-ը։