Փաշինյանն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը քննարկել են միջազգային դիտորդական առաքելության այցը ՀՀ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ միջազգային դիտորդական առաքելության գործուղումը սահմանային գոտի, կօգնի միջազգային հանրությունն ուղիղ տեղեկություններ ստանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Այժմ ապրում ենք աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներ, ուստի անհրաժեշտ է երկկողմ սերտ և արդյունավետ փոխհարաբերությունների պահպանումը։ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության անդամները ՀՀ կառավարությունում
Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և հիշեցրել, որ սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով գտնվել է Ֆրանսիայում, ինչը երկկողմ առանձնահատուկ հարաբերությունների վկայությունն է:
«Փոխայցելությունների դինամիկան կնպաստի հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը, իսկ միջխորհրդարանական սերտ շփումները էական նշանակություն են ունենում կառավարությունների միջև համագործակցության վրա»,- ասել է վարչապետը:
Ժիլբեր-Լյուկ Դըվինազը բարձր է գնահատել երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը և նշել, որ այցի շրջանակում մանրամասն տեղեկատվություն են ստացել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների վերաբերյալ:
«Ուշադրությամբ հետևել ենք Ֆրանսիայի նախագահի և Հայաստանի վարչապետի՝ սեպտեմբերի 26-ի հայտարարություններին և կարևորել, որ ֆրանսիական կողմը հասցեական նշել է ագրեսիան կիրառած կողմին»,- նշել է նա:
Վարչապետն անդրադարձել է Էմանուել Մակրոնի հետ քննարկումներին և շեշտել Ֆրանսիայի առանցքային դերը՝ Հայաստանի նկատմամբ կիրառված ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային դիտորդական առաքելության գործուղումն ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տուժած շրջաններ և սահմանային գոտի, ինչը կօգնի, որպեսզի միջազգային հանրությունն ուղիղ և ոչ թե միջնորդավորված տեղեկություններ ստանա:
Ֆրանսիայի ՊՆ-ն պատվիրակություն է գործուղում Հայաստան` սահմանին իրավիճակը գնահատելու համար