Կառավարությունը քննարկել է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը

2023թ–ի պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված՝ անվտանգային, տնտեսական և սոցիալական ոլորտների առաջնահերթությունների հիման վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավրությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քննարկել է 2023թ պետական բյուջեի նախագծի մակրոտնտեսական, հարկաբյուջետային և ծախսային շրջանակը:
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը ձևավորվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով սահմանված՝ անվտանգային, տնտեսական և սոցիալական ոլորտների առաջնահերթությունների հիման վրա:
Դոլարի փոխարժեքի անկման շնորհիվ ՀՀ պետական պարտքը 20 տոկոսով նվազել է
Նախարարն անդրադարձել է մակրոտնտեսական ցուցանիշների և հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին, մանրամասներ ներկայացրել ոլորտային ծախսերի և ըստ գերատեսչությունների առաջարկվող չափաքանակների վերաբերյալ:
Նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, քննարկվել են կապիտալ և ընթացիկ ծախսերը, ծախսային նոր նախաձեռնությունները։
Վարչապետը հանձնարարել է պետական գերատեսչությունների ղեկավարներին՝ շարունակել ուշադրության կենտրոնում պահել կապիտալ ծախսերի պատշաճ կատարումը և մրցույթների հայտարարման գործընթացը: