Իրանի հետ պայմանագրային բազա պետք է ունենայինք, ինչը կզսպեր Ադրբեջանին. Քոչարյան

Հայ–իրանական սահման. Մեղրի. Արխիվային լուսանկար
Ռոբերտ Քոչարյանը նշեց` Իրանի հետ հարաբերությունների լավացման ուղղությամբ քայլեր անելու համար հիմա էլ ուշ չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Բացի Հայաստանից միակ երկիրը, ում համար Սյունիքը կարևոր է, Իրանն է, ինչը դժվար չէր պատկերացնել և Իրանի հետ հարաբերությունների կարգավորման համար քայլեր անել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Դժվա՞ր էր կռահել, որ պետությունը, որը բացի հայտարարություններից, կարող է գործնական քայլերի դիմել, միայն Իրանն է։ Այս 2 տարվա ընթացքում այդ ուղղությամբ ոչինչ չարվեց` առնվազն 2 զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ հենց Սյունիքում։ Իրանի հետ պայմանագրային բազա պետք է լիներ, և դա ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար։ Հարցն այն է, որ Իրանն այն պետությունը չէ, որի վրա մատ թափ տալով կարելի է կանգնեցնել, եթե նա հետապնդում է իր ազգային շահը»,–ասաց Քոչարյանը։
Նա նշեց, թե տեղյակ է` 2021-ի մայիսին Իրանի հետ նման խոսակցություն է եղել` Իրանի առաջարկով, սակայն հայկական կողմн իրավիճակը սառեցրել է։
Քոչարյանի խոսքով` հիմա էլ ուշ չէ գործընթաց սկսելու համար և պետք է վճռական քայլերի գնալ։ Այդպիսով, ըստ նրա, խոսքը չի գնում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, այլ գործիքակազմը համալրելու։ ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ հնարավոր է «համոզել» ինչպես ՌԴ-ին, այնպես էլ ԱՄՆ-ին։