ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ և Հայաստանի և Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ քննարկումները ստեղծված ծանրագույն վիճակից դուրս գալու ուղիները քննարկելու և կշռադատված լուծումներ առաջարկելու հնարավորություն են տալիս։
Տեղեկությունը հայտնում է Սերժ Սարգսյանի գրասենյակը` անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության նախկին նախագահների հանդիպմանը։
«Այս փուլում Վեհափառ Հայրապետի մոտ նախկին նախագահների մասնակցությամբ քննարկումները հնարավորություն են տալիս ստեղծված ծանրագույն վիճակից ելքերը համակողմանի քննարկելու և մեր պետությանն ու ժողովրդին իրատեսական, կշռադատված լուծումներ առաջարկելու։ Սրան զուգահեռ, առողջ դատող քաղաքական ուժերը, հասարակական, քաղաքական միավորումները պետք է շարունակեն ամենօրյա աշխատանքով հասարակության մեջ արթուն պահել պայքարի ոգին»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ երրորդ նախագահի գրասենյակի` Սերժ Սարգսյանը գոհունակությամբ փաստում է, որ իր երկու գործընկերների՝ ՀՀ առաջին և երկրորդ նախագահների հանրային վերջին ելույթները, այնուհանդերձ, մի կողմից հանրային դիսկուրսը ակտիվ են պահում, մյուս կողմից բաց են պահում դուռը հետագա հանդիպումների և քննարկումների համար։
Հիշեցնենք` կաթողիկոսի և Հայաստանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 22-ին։
Հանդիպումից հետո Մայր աթոռը հաղորդագրություն էր տարածել, որում ասված էր, թե Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում, որոշվել է շարունակել հանդիպումները։