Հակոբ Արշակյանը Ճապոնիայում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի մանրամասները

Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի խորհրդարանի Խորհրդականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիի հետ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի խորհրդարանի Խորհրդականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիի հետ, որը վստահեցրել է` Ճապոնիան պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը: Տեղեկությունը հայտնում է ԱԺ աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԱԺ փոխխոսնակը գործընկերոջը մանրամասն ներակայցրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի հանդեպ ադրբեջանական ոտնձգությունների՝ ներառյալ ՀՀ քաղաքացիական և զինվորական զոհերի, Հայաստանի բնակավայրերին և ենթակառուցվածքներին հասցված վնասների վերաբերյալ:
«Հիդեհիսա Օցուջին ափսոսանք է հայտնել վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած ռազմական բախման համար և ցավակցել հայկական կողմին կորուստներ ունենալու առթիվ: Օցուջին նաև տեղեկացրել է, որ Ճապոնիան ամենուր խաղաղության կողմնակից է, և իրենք պատրաստ են աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, պատրաստակամություն են հայտնել հավելյալ ջանքեր գործադրելու Հայաստանի և Ճապոնիայի միջև քաղաքական ու մշակութային կապերը խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 27-ին Ճապոնիայում ներկա է գտնվել նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորության արարողությանը։
Այցի ընթացքում ԱԺ փոխնախագահը հանդիպել է նաև Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի պաշտոնակատար Տակեակի Մացումոտոյի, Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարար Կեիկո Նագաոկայի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ավագ փոխնախագահ Կեիչիրո Նակազավայի հետ: