Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ սենատ

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը . Արխիվային լուսանկար
Նախագծով կոչ է արվում դադարեցնել ռազմական ոլորտում ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ գերիներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտնում է, որ ԱՄՆ Սենատ բանաձևի նախագիծ է ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա:
«Հպարտությամբ եմ ներկայացնում Սենատի բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ռազմական հարձակման վերսկսումը և մարդկային կյանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունքը։ Ժամանակն է, որ ԱՄՆ-ն վճռական գործողություններով ամրապնդի իր աջակցության խոսքերը՝ դադարեցնելով ռազմական օգնությունն Ադրբեջանին»,–թվիթերյան իր էջում գրել է Մենենդեսը։
Միաժամանակ, Սենատի արտաքին հարաբերությունների պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագծով կոչ է արվում դադարեցնել ռազմական ոլորտում ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ գերիներին և պատերազմական հանցագործությունների առնչությամբ դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։