Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդների հանդիպում առայժմ չի նախատեսվում. ՀԱԵ

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Հայ եկեղեցին պատրաստ է եռակողմ ձևաչափով հոգևոր առաջնորդների հանդիպմանը, եթե այդպիսի հնարավորություն լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կարգավորման նպատակով Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից նախաձեռնվող նոր եռակողմ հանդիպման հնարավորությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ, դեռևս չի քննարկվում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հայ Առաքելական եկեղեցու միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Տեր Շահե վարդապետ Անանյանը։
Ավելի վաղ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնիոսը (Սևրիուկ) հայտարարել էր, որ ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդների միջև երկխոսություն հաստատելու ջանքերը:
«Առայժմ նման հանդիպում չի նախատեսվում։ Բայց եթե լինեն կոնկրետ նախադրյալներ կամ նման հանդիպում կազմակերպելու հնարավորություն, ապա հայկական եկեղեցին միշտ պատրաստ է (մասնակցել խմբ.)»,-ասել է հոգևորականը «Քրիստոնեությունը Կովկասում. ավանդույթներ և արդիականություն» համաժողովում, որը նվիրված է Ալանիայի մկրտության 1100-ամյակին:
Նա հիշեցրել է, որ այդպիսի եռակողմ ձևաչափը գործում է արդեն երկար տարիներ։
«Բնականաբար, հանդիպումը կազմակերպվում է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հրավերով։ Եթե նման անհրաժեշտություն լինի, ապա հայկական եկեղեցին կողմ կլինի Ալլահշուքյուր Փաշազադեի և Պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը։ Եռակողմ հանդիպումներն արդեն պաշտոնական ձևաչափ են հոգևոր առաջնորդների հանդիպումների համար»,-ասել է Տեր Շահե վարդապետ Անանյանը։
Պատրիարք Կիրիլը 2021թ.-ի հոկտեմբերին Մոսկվայի Դանիլովյան վանքում եռակողմ բանակցություններ է վարել Գարեգին Բ-ի և Ալլահշուքյուր Փաշազադեի հետ: Մինչ այդ պատրիարքը նրանցից յուրաքանչյուրի հետ հանդիպել էր առանձին։
«Քրիստոնեությունը Կովկասում.ավանդույթներ և արդիականություն» համաժողովը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-25-ը Վլադիկավկազում: Միջոցառումներին մասնակցել են իշխանության, գիտական և կրթական հանրության ներկայացուցիչներ, կրոնական և հասարակական գործիչներ Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից, Հունաստանից, Հայաստանից, Լիբանանից և Սերբիայից: Համաժողովի կազմակերպիչն է «Քրիստոնյա Աշխարհ» միությունը` Ռուսաստանի Դաշնության ազգությունների հարցերով դաշնային գործակալության և Կ.Լ. Խետագուրովի անվան Հյուսիս-օսական պետական համալսարանի հետ համատեղ: