Էրդողանը ապառազմականացված գոտի ստեղծելու հարցում Զելենսկուն օգնություն է առաջարկել

Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման մասին համաձայնագիրը գործում է, նման մոտեցում կարող է դրսևորվել նաև Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի համատեքստում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում Անկարայի օգնությունն է առաջարկել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու հարցում: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Էրդողանի գրասենյակին։
«Նախագահ Էրդողանը խորին գոհունակություն է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը, որի վրա նրանք երկար ժամանակ աշխատել են, հաջողությամբ է ավարտվել։ Հայտարարելով, որ Սև ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման մասին համաձայնագիրն աշխատում է, նախագահ Էրդողանն ասել է, որ նման մոտեցումը կարող է դրսևորվել Զապորոժիեի ատոմակայանի համատեքստում, ու որ կայանի շուրջ ապառազմականացված գոտու ստեղծման հարցում անհրաժեշտ միջնորդության և աջակցության առաջարկն ուժի մեջ է», — նշել են մամուլի ծառայությունից:
ՌԴ ԶՈւ–ն կանխել է Զապորոժիեի ԱԷԿ–ին անօդաչուներով հարվածելու ուկրաինական զորքերի փորձերը
Ավելի վաղ Էրդողանը պաշտոնական Անկարայի նպատակն էր անվանել մոտ ժամանակներս կազմակերպել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վլադիմիր Զելենսկու հանդիպումը: Թուրք առաջնորդի կարծիքով՝ Զելենսկու և Պուտինի անձնական հանդիպումը թույլ կտա նախագահներին «կայուն հրադադարի» հասնել։ Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել ուկրաինացի և ռուս առաջնորդներին՝ ռազմագերիների փոխանակման գործընթացին աջակցելու համար: