Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ. գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է

Տոնոյանի խափանման միջոցը փոխելու դիմաց առաջարկվել է վերջինիս բնակարանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անցնում է հրթիռների գործով, կշարունակի մնալ կալանքի տակ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է գրավի դիմաց փոխել Տոնոյանի խափանման միջոցը և ազատ արձակել նրան։
«Հենց այս պահին բողոքն ենք գրում, որպեսզի ներկայացնենք Վերաքննիչ դատարան»,– նշեց Հովհաննիսյանը։
Հիմնավորումը նույնն է` պաշտպանության նախկին նախարարը կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա, սակայն այս փաստարկը փաստաբանն անհիմն է համարում։
Նա ընդգծեց, որ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու դիմաց առաջարկվել է վերջինիս բնակարանը։
Հիշեցնենք` 2021–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
2021թ սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված էին։
Դավիթ Գալստյանը, սակայն, այս տարվա մարտի 14-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։ Կիրառվել է 50 մլն դրամ գրավ։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: