Չմեկնել Ռուսաստան, իսկ այնտեղ գտնվելու դեպքում, լքել երկիրը. ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ–ի դրոշ
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին հորդորել լքել ՌԴ–ն, քանի դեռ շուտ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ քաղաքացիները չպետք է մեկնեն Ռուսաստան, իսկ նրանք, ովքեր բնակվում կամ ճամփորդում են Ռուսաստանում, պետք է անմիջապես հեռանան Ռուսաստանից։ Նման հայտարարություն է տարածել Ռուսաստանում ԱՄՆ դեսպանությունը։
«Ռուսաստանը կարող է մերժել երկքաղաքացիություն ունեցող անձանց` ԱՄՆ քաղաքացիության ճանաչումը, խոչընդոտել նրանց մեկնումը Ռուսաստանից և երկքաղաքացիություն ունեցող անձանց զինվորական ծառայության գնալու կոչ անել»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ԱՄՆ դեսպանատունը լուրջ սահմանափակումներ ունի ԱՄՆ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու հարցում, և պայմանները, ներառյալ տրանսպորտային հնարավորությունները, կարող են ավելի սահմանափակվել: Ուստի ԱՄՆ–ն կոչ է անում որքան հնարավոր է շուտ ինքնուրույն միջոցներ ձեռնարկել, քանի դեռ սահմանափակ հնարավորություններ կան կոմերցիոն ուղևորությունների համար:
Միաժամանակ դեսպանատունը հիշեցնում է, որ Ռուսաստանում երաշխավորված չէ ԱՄՆ քաղաքացիների խաղաղ հավաքների և կարծիքների արտահայտման իրավունքը. «Խուսափե՛ք ցանկացած քաղաքական կամ սոցիալական բողոքի ակցիաներից: Ռուսաստանի իշխանությունները ձերբակալել են ԱՄՆ քաղաքացիների, որոնք մասնակցել են ցույցերին»։
ՌԴ նախագահի հրամանագրով Ռուսաստանում սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաք է հայտարարվել։ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով` դա անհրաժեշտ է 1000 կմ շփման գծի և Ուկրաինայում ազատագրված տարածքների վերահսկման համար։ Զորակոչվելու է 300 հազար մարդ, ինչը ՌԴ ընդհանուր մոբիլիզացիոն ռեսուրսի շուրջ 1%-ն է։
ՌԴ մի շարք մարզերում ռազմական դրություն մտցնելու մասին որոշում չկա. Պեսկով