Ո՞վ պիտի լուծի «Սուրմալուի» պայթյունի պատճառով ապրուստից զրկված անձանց հարցը

«Սուրմալու» առևտրի կենտրոն
Քաղաքային իշխանության և նախարարության պատասխաններից կարելի է եզրակացնել, որ պետությունը պատրաստվում է միայն մահացածների հարազատներին ու վնասվածքներ ստացած քաղաքացիներին աջակցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետո, երբ աշխատակիցների մեծ մասը զրկվել է ապրուստի միջոցից, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ տուժածները պետք է իրենց հետագա աշխատանքի հարցը լուծեն կնքված պայմանագրերի հիման վրա։ Sputnik Արմենիան նախարարությունից ու Երևանի քաղաքապետարանից փորձել է պարզել, թե ինչ ծրագրեր են մշակվել, և արդյոք հաշվարկվել է վնասի չափը։
Էկոնոմիկայի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն` առանձնացված, կառուցապատված և կահավորված, երկու և ավելի վաճառատեղ ունեցող տարածքները վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով «Սուրմալուի» աշխատակիցներին է տրամադրում առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը` նրանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա։
«Այսինքն՝ տվյալ դեպքում վայրի կազմակերպիչը և վաճառողը հանդիսանում են քաղաքացիական շրջանառության մասնակիցներ, որոնք ազատ են որոշել իրենց միջև կնքվող պայմանագրի պայմանները, նախատեսել օրենքին չհակասող ցանկացած պայման»,– ընդգծել են գերատեսչությունից։
Պատասխանում նշված է նաև, որ «Սուրմալուում» ձեռնարկատիրական գործունեություն իրականացնողները պայթյունից հետո իրենց հետագա աշխատանքի վայրի հետ կապված խնդիրների մասին դիմումներ չեն ներկայացրել նախարարությանը։
Գերատեսչությունից միաժամանակ նշել են, որ պայթյունի հետևանքով հասցված վնասի հաշվարկների իրականացումը դուրս է իրենց իրավասությունների շրջանակից։
Երևանի քաղաքապետարանն էլ հայտնել է, որ մեր բարձրացրած հարցերը իրենց լիազորությունների շրջանակում չեն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ում 2022 թվականի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծի նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին, ինչպես նաև վնասվածքներ ստացած և հիվանդանոցային պայմաններում բուժման մեջ գտնված մարդկանց։
Հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց տրվելու է 150 000 դրամ աջակցություն, երեք և ավելի օր բուժման մեջ գտնվածներին՝ 300 000 դրամ, իսկ մահացածների (այդ թվում՝ անձի գտնվելու վայրն անհայտ) ընտանիքներին յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3 000 000 դրամ։
Տուժած քաղաքացիներին ու մահացածների հարազատներին աջակցություն ստանալու նպատակով դիմում ներկայացնելու համար կառավարությունը ժամանակ է տվել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 20-ը։
Նշենք, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն է հայտարարել (ՀԿԽԸ), որ աջակցություն է տրամադրելու «Սուրմալուի» պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին: Կառույցն այժմ իրականացնում է խոցելիության գնահատում։ Տուժած խոցելի տնտեսվարողները կստանան միանվագ դրամական աջակցություն՝ 42 700 ՀՀ դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: