ՌԱԴԻՈ

Փաշինյանն արցախյան հիմնախնդիրը գցում է Մինսկի խմբի համանախագահների գրպանը. Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է դուրս գալ հակամարտությունից` արցախյան հարցում ասպարեզը թողնելով գերտերություններին։
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով ձեռքերը լվացել է ղարաբաղյան հիմնախնդրից` առաջ քաշելով այն թեզը, որ ՀՀ–ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը դեռ 1991 թվականին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ սեպտեմբերի 26-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը` նշելով, որ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել հիմնախնդրի կարգավորման առումով: Այդ համատեքստում նա ընդգծել է Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:
«Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ` արցախյան հարցը ոչ թե տարածքային, այլ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության խնդիր է, այսինքն` արցախահայության ճակատագիրը վտանգված է, և քանի որ կա Մինսկի խմբի համանախագահների խումբը, ապա հիմնախնդիրն իրավական համատեքստում պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ Ըստ վարչապետի` Հայաստանն այստեղ այլևս անելիք չունի։ Նա արցախյան հիմնախնդիրը գցում է Մինսկի խմբի համանախագահների գրպանը»,– ասաց քաղաքագետը։
Դանիելյանի կարծիքով` Հայաստանի ղեկավարը հաշվի է առնում Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները, ու քանի որ դրանցում կան նաև ռուսական շահեր, ուստի ակնարկում է, որ հենց Ռուսաստանն էլ զբաղվի Արցախի հարցով։
Ըստ նրա` Փաշինյանն այդ տրամաբանությամբ խոսել է Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ժամանակ, բայց չպետք է մոռանալ, որ ներկա փուլում Մինսկի խմբի համանախագահների միջև կան սուր հակասություններ, և արցախյան հիմնախնդիրն այդ առումով դարձել է աշխարհաքաղաքական թնջուկ, որը նույնիսկ կարող է մեր տարածաշրջանում ու Մերձավոր Արևելքում հանգեցնել նոր դասավորումների։
«Նիկոլ Փաշինյանն ըստ էության ցանկանում է դուրս գալ գերտերությունների հակամարտության դաշտից` արցախյան հարցում ասպարեզը թողնելով նրանց, այսինքն` եթե Ռուսաստանը չի ուզում հեռանալ մեր տարածաշրջանից ու վտանգել Հյուսիսային Կովկասի ապագան, ապա թող իր հարաբերությունները պարզի մյուս գերտերությունների հետ։ Ահա այպիսի քաղաքական գիծ է որդեգրել Հայաստանի վարչապետը»,– ընդգծեց Դանիելյանը։
Քաղաքագետի դիտարկմամբ` Հարավային Կովկասում երկար ժամանակ տիրում էր խաղաղություն, քանի որ արցախյան խնդիրը հավասարակշռում էր նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի հարաբերությունները, իսկ այժմ բալանսը խախտված է և աշխարհաքաղաքական ուժերի միջև ընթանում է մրցակցություն` ներգրավելով նաև բրիտանական ու իսրայելական շահերը։ Քաղաքապետի պնդմամբ` եթե Ադրբեջանն ասում է, որ հարցը լուծված է, դա դեռ ոչինչ չի նշանակում, քանի որ միջնորդներն այդ հարցում ունեն հակառակ տեսակետ։
«Ադրբեջանի համար կարևոր է, որ Հայաստանն իրավական փաստաթուղթ ստորագրի, և եթե Հայաստանը հրաժարվում է Արցախից, այդ դեպքում Ադրբեջանը կարող է Ռուսաստանին ու Իրանին ասել, որ նրանք այստեղ այլևս անելիք չունեն։ Հայաստանն այդպես էլ չճանաչեց Արցախի անկախությունը, և Ադրբեջանն աշխարհաքաղաքական ուժերի նոր դասավորումների պարագայում պատերազմ սանձազերծեց 2020 թվականին և հիմա էլ ձգտում է այդ իրավունքը վերցնել մեր ձեռքից` պարտադրելով խաղաղության պայմանագիր»,– ասաց Դանիելյանը։
Նրա կարծիքով` Ադրբեջանը շտապում է, քանի որ նրա համար բացվել է հնարավորությունների պատուհան, բայց մեր խնդիրը ժամանակ շահելն է, մինչև որ լինեն գլոբալ փոփոխություններ ու մեզ համար նպաստավոր հնարավորությունների հեռանկարներ, հետևաբար մեր իրավունքը ստորագրության տեսքով Ադրբեջանին չպետք է հանձնենք։