ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հունաստանը կներդնի բոլոր ջանքերը՝ նպաստելու ժողովրդավարական ու եղբայրական Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։
«Հունաստանը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ բազմակողմ հարաբերությունների հետևողական զարգացումը: Նյու Յորքում կայացած եռակողմ հանդիպումը (Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների - խմբ.) եղել է արդյունավետ, ու քննարկումներն այդ ձևաչափով կրելու են շարունակական բնույթ»,–ասել է Դենդիասը։
Փաշինյանը մանրամասն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքներին: Նա ՀՀ տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերման և նոր ագրեսիա թույլ չտալու առումով ընդգծել է միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը: Վարչապետը նաև անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ Հայաստանի դիրքորոշումներին:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին
Վարչապետը հույս է հայտնել նաև, որ բարձր մակարդակի փոխայցելությունները կկրեն ինտենսիվ բնույթ:
Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։ Նա արդեն հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Մրրզոյանի հետ։