ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Հայաստանում չի հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս այդ ժամանակ Նյու Յորք էր մեկնել՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու։ ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
ՀԱՊԿ առաքելությունը Հայաստան էր ժամանել Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված էին կազմակերպության առանձին մարմինների աշխատակիցներ հանդիսացող ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչները։ Այցի ընթացքում նրանք հանդիպել էին Հայաստանի ղեկավար կազմի հետ և այցելել հայ-ադրբեջանական սահման։ Բայց հայկական լրատվամիջոցներն ուշադրություն էին դարձրել, որ ՀԱՊԿ առաքելությունը հանդիպում չէր ունեցել Փաշինյանի հետ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիները սեպտեմբերի 20–ից պարբերաբար խախտում են։
ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: