ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհու` Եղիսաբեթ 2-րդ մահվան կապակցությամբ սուգն ավարտվեց։ Տեղեկությունը հայտնում է Բուքինգհեմյան պալատը։
«Նորին մեծություն Եղիսաբեթ երկրորդ թագուհու մահվանը հաջորդած սգո օրերն ավարտվել են»,– ասված է պալատի թվիթերյան էջում։
Հաղորդագրությունում նաև ընդգծվում է, որ Twitter–ում կշարունակեն տեղեկություններ հրապարակել Բրիտանիայի նոր թագավոր Չարլզ 3-րդի, նրա կնոջ` Կամիլայի և թագավորական ընտանիքի մյուս անդամների գործունեության մասին։
Թագավորական ընտանիքում սգո ավարտի կապակցությամբ պալատների և նստավայրերի դրոշները կրկին կբարձրացվեն։ Թագավորական ընտանիքի անդամները կվերսկսեն իրենց պարտականությունների կատարումը։
Համազգային սգո օրերը Մեծ Բրիտանիայում ավարտվել են սեպտեմբերի 20-ին, և հասարակական շենքերի դրոշներն արդեն բարձրացվել են։ Թագավորական ընտանիքում սուգը շարունակվել է ևս 7 օր։