Արայիկ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի միջոցառումներին

Արայիկ Հարությունյանը մասնակցել է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի միջոցառումներին
Արցախի նախագահը մասնակցել է զոհված ազատամարտիկների հոգեհանգստյան կարգերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակ։ Նա ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշատախտակի մոտ, տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից։
Հարությունյանը հոգևոր դասի առաջնորդությամբ Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի, գործադիր և օրենսդիր մարմինների պատասխանատուների հետ մասնակցել է օրվա խորհրդով կազմակերպված խաչերթին։
44-օրյա պատերազմը գոյութենական մարտահրավեր էր ՀՀ–ի և Արցախի համար. ՀՀ նախագահ
Նա Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ներկա է գտնվել 44-օրյա պատերազմին նվիրված «Լուսո խորան» խորագիրը կրող հուշակոթողի բացման ու օրհնությանը, ինչպես նաև զոհված ազատամարտիկների հոգեհանգստյան կարգերին, զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել նահատակված հերոսների շիրիմներին։
2 տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, և սկսվեց 44-օրյա պատերազմը։ ՀՀ քննչական կոմիտեն 2022-ի մարտի 21-ին հայտնել էր, որ Ադրբջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3822 է, անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։