ԱՄՆ-ն չի արգելի Ուկրաինային արևմտյան զենք կիրառել այնտեղ, որտեղ հանրաքվեներ կանցկացվեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկեն
ԱՄՆ-ն չի ճանաչի այդ տարածքների կարգավիճակի փոփոխությունները և կշարունակի Ուկրաինայի մաս համարել դրանք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն չի արգելի, որ Ուկրաինան իրեն տրամադրված զենքը կիրառի այն տարածքներում, որոնք Ռուսաստանը կարող է հանրաքվեների արդյունքում իրենը հայտարարել։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ պատասխանելով Դոնբասում, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերում արևմտյան ռազմական օգնության օգտագործման հնարավորության մասին հարցին։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինան բացարձակ իրավունք ունի պաշտպանելու իրեն իր ամբողջ տարածքում, այդ թվում` վերադարձնելու այն տարածքը, որն այս կամ այն կերպ ապօրինաբար զբաղեցրել է Ռուսաստանը», - ասել է Բլինկենը:
Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչի այդ տարածքների կարգավիճակի փոփոխությունները և կշարունակի դրանք Ուկրաինայի մաս համարել:
«Քանի որ մեզ և ուկրաինացիների համար ռուսների կողմից բռնակցվող տարածքների նկատմամբ ոչ մի փոփոխություն չկա, ուկրաինացիները կշարունակեն անել այն ամենը, ինչն անհրաժեշտ է իրենցից խլված հողերը վերադարձնելու համար։ Մենք կշարունակենք աջակցել նրանց», - ասել է պետքարտուղարը։
Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-27–ը հանրաքվե անցկացվեց Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ։
Հանրաքվե անցկացնելու հարցը բարձրացրել է հասարակությունը։
ՌԴ–ին միանալու օգտին է արտահայտվել ԼԺՀ-ի բնակիչների գրեթե 98 տոկոսը. տվյալներ տեղամասերից
Ինչպես հայտարարել են հանրապետությունների և մարզերի ներկայացուցիչները, Ռուսաստանի կազմի մեջ մտնելը կպաշտպանի իրենց տարածքները և կվերականգնի պատմական արդարությունը: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը խիստ անհրաժեշտ է Ուկրաինայի ազգայնական իշխանությունների և ՆԱՏՕ-ի անդամների կողմից մշտական ահաբեկչության պայմաններում, որոնք զենք են մատակարարում խաղաղ բնակչությանը սպանելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարել է, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 215-րդ օրը։