ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանն ու Հայաստանն իրենք կորոշեն արտգործնախարարների նոր հանդիպման մասին, սակայն ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այդ հանդիպումներին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով Նյու Յորքում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպմանը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի համար կարևոր է երկխոսություն հաստատել Երևանի և Բաքվի միջև, իսկ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ շփումները բխում են ոչ միայն այդ երկրների, այլև տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրների շահերից:
«Կանոնավոր կապի մեջ ենք հայ և ադրբեջանցի պաշտոնյաների հետ: Մեր խնդիրն է համախմբել կողմերին և դյուրացնել նրանց միջև երկխոսությունը»,- հայտարարել է Փրայսը:
Նա կոչ է արել Ադրբեջանին հետ քաշել զորքերը ելման դիրքեր և Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա բոլոր խնդիրները լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։
«Այս հակամարտությունը չունի և չի կարող ունենալ ռազմական լուծում. մենք հայտարարել ենք դա թե՛ մասնավոր շփումներում, թե՛ հրապարակայնորեն»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։
Նա հավելել է, որ կշարունակել աջակցել Հայաստանին և Ադրբեջանին։
Հիշեցնենք` սեպտեմբերի 19–ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Նյու Յորքում տեղի ունեցավ Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպում։
Հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը: Այն տեղի էր ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ եռակողմ հանդիպում էին ունեցել մայիսին Դուշանբեում: