ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը կարևորում է կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական նկրտումներին միջազգային հասցեկան և համարժեք արձագանքը։ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելով ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նշենք, որ Դենդիասը Հայաստան է ժամանել այսօր, նա արդեն առանձնազրույց է ունեցել Միրզոյանի հետ։
«Արժեվորում ենք Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Միանշանակ է, որ ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այսինքն` Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի»,–ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով` միջազգային հանրությունը հստակ գործողությունների հետևանքով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերը և հավանական նոր ագրեսիաները։
Միրզոյանը հայտնեց, որ Դենդիասի հետ զրույցում անդրադարձել են ԼՂ կարգավորման հարցերին։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց` հիմնախնդիրը մնում է չլուծված. «Մենք մերժում ենք ուժի կիրառման միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը և վերահաստատում մեր մոտեցումը խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղություն հաստատելու առնչությամբ»։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին
© Sputnik / Asatur Yesayants
Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանին` Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար։ ՀՀ ԱԳ նախարարը նշեց նաև, որ 44-օրյա պատերազմի դժվարին օրերին Դենդիասի` Հայաստան այցը, ինչպես նաև հիմա Երևանում նրա գտնվելը Հունաստանի համերաշխության երաշխիքն է։
Երկու երկրների նախարարներն անդրադարձել են հայ-հունական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և փաստել, որ 30 տարիների ընթացքում հաջողվել է ձևավորել ամուր հարաբերություններ։