Թուրքիան չի ճանաչում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի հանրաքվեների արդյունքները. ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարար
Թուրքիան չի ընդունում նաև Ղրիմի «բռնակցումը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիան չի ճանաչում ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում անցկացված հանրաքվեների արդյունքները: Ճապոնիայի մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք ասել ենք և ասում ենք ՌԴ-ին, որ չենք ճանաչում Ղրիմի բռնակցումը։ Չենք ճանաչում նաև Ուկրաինայի տարածքում անցկացվող հանրաքվեների արդյունքները։ Մենք այդ կապակցությամբ արդեն հայտնել ենք մեր մտահոգությունն ու դիրքորոշումը», - ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք` Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սեպտեմբերի 23-ից հանրաքվե է անցկացվում: Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցի շուրջ քվեարկությունը կշարունակվի հինգ օր՝ մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ։
Նշենք, որ հանրաքվեներ անցկացնելու հարցը բարձրացրել է հասարակությունը։
Ինչպես հայտարարել են հանրապետությունների և մարզերի ներկայացուցիչները, Ռուսաստանի կազմի մեջ մտնելը կպաշտպանի իրենց տարածքները և կվերականգնի պատմական արդարությունը: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը խիստ անհրաժեշտ է Ուկրաինայի ազգայնական իշխանությունների և ՆԱՏՕ-ի անդամների կողմից մշտական ահաբեկչության պայմաններում, որոնք զենք են մատակարարում խաղաղ բնակչությանը սպանելու համար:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարել է, որ ՌԴ–ն կաջակցի այն որոշմանը, որը կընդունեն Դոնբասի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի բնակիչները:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 214-րդ օրը։