Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի այս տարվա խորհրդանիշը խաղալիք հոլն է: Տեղեկությունը հայտնում են Առաջին ալիքը և Եվրոպական հեռարձակողների միությունը։
Հայկական պատվիրակությունը ընտրել է այս խաղալիքը, քանի որ հոլի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով, որոնք Հայաստանում կարելի է տեսնել պատմական-ճարտարապետական հուշարձանների, գորգերի և հագուստի վրա։
Ավանդական փայտե խաղալիքներին տրվել է նեոնային տեսք, որն արտացոլում է ժամանակակից Հայաստանը։
«Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը։ Շեշտը դնելով փոքրիկներին ուրախություն և զվարճանք բերող այս անվերջ շրջապտույտի վրա՝ Հանրային հեռուստաընկերությունն ընտրել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը»,- ասված է հաղորդագրությունում։
Ի դեպ, մրցույթի խորհրդանիշն ու պաշտոնական տեսահոլովակը պետք է հրապարակվեին ավելի վաղ, սակայն սահմանային իրավիճակով պայմանավորված` Հանրային հեռուստաընկերությունը հետաձգել էր հրապարակման օրը:
«Այնուամենայնիվ, մրցույթի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, և ըստ ժամանակացույցի վերջնաժամկետները փոփոխել այլևս հնարավոր չէր: Հուսով ենք, որ «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպչական աշխատանքները և բուն մրցույթը կանցկացվեն խաղաղության պայմաններում, և մեզ հնարավորություն կտրվի երեխաներին իրական երաժշտական տոն պարգևել Երևանում»,- նշված է հաղորդագրությունում:
Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին կմասնակցի 16 երկիր ։ Այդ երկրներն են․ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա։ Մրցույթի ընթացքում կհնչեն 9-14 տարեկան երիտասարդ արտիստների նոր երգեր։
Հիշեցնենք, որ անցած տարի Փարիզում Մալենան հաղթեց մրցույթում, իր «Քամի, քամի» երգով, որից հետո 20-րդ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի կազմակերպման ու անցկացման աշխատանքները վստահվեցին Հայաստանին։