ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Իժևսկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Խոր ցավով տեղեկացա Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին։ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից խնդրում եմ Ձեզ փոխանցել անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց մտերիմներին և հարազատներին, ինչպես նաև մաղթում եմ շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին»,–գրել է Փաշինյանը:
Նշենք, որ այսօր Իժևսկի թիվ 88 դպրոցում 34–ամյա տղամարդը, որը այդ դպրոցի նախկին աշակերտ է, կրակ է բացել դպրոցում, որից հետո ինքնասպան է եղել։ Վերջին տվյալներով հանցագործության զոհ է դարձել 15 մարդ, նրանցից 11 – ը երեխաներ են: Եվս 24 մարդ, այդ թվում ՝ 22 երեխա, վիրավորվել է։ Ուդմուրտիայում սուգ է հայտարարվել։