Հայ դպրոցականները 7 մեդալ են նվաճել Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան օլիմպիադայում

Օլիմպիադայի մասնակից
Հայաստանի թիմը 2021 թ.-ին օլիմպիադայում արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայ դպրոցականները 7 մեդալի են արժանացել Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան միջազգային 6-րդ օլիմպիադայում, որը 2022 թ. սեպտեմբերի 19-ից 25-ը առցանց (օնլայն) ձևաչափով անցկացվել է ԵՊՀ-ում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Օլիմպիադային մասնակցել են 32 երկրների 172 մասնակիցներ (91 պաշտոնական և 81 ոչ պաշտոնական (մրցույթից դուրս))։ Հայաստանի թիմը ներկայացել է 8 մասնակիցներով: Թիմը ղեկավարել են ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը, ուսանողներ Սամվել Անդրեասյանն ու Համլետ Միքաելյանը։
«Օլիմպիադայի արդյունքների ամփոփման ժամանակ մեր մասնակիցներն արժանացել են 7 մեդալների (1 ոսկի` «Քվանտ» վարժարանից Գագիկ Գևորգյանը (9-րդ դաս․), 3 արծաթ` «Քվանտ» վարժարանից Ալեքս Գրիգորյանը (8-րդ դաս․), ֆիզմաթ դպրոցից Ալեն Ղազարյանը (9-րդ դաս․) ու Մարտին Խաչատրյանը, 3 բրոնզ` «Ուսում» դպրոցից Ալեքսանդր Ղազարյանը (8-րդ դաս․), ֆիզմաթ դպրոցից Ծովակ Եգորյանը (9-րդ դաս․) ու Սերգեյ Համբարձումյանը (9-րդ դաս․))»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2021 թ.-ին Հայաստանի թիմը (5 մասնակից) Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 5-րդ միջազգային օլիմպիադայում արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։
Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային օլիմպիադայում