«Ազգային առաջընթացը» նույնպես կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

Երևանի քաղաքապետարան
Կուսակցությունը կարծում է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը ցանկանում է այլընտրանք տեսնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Ազգային առաջընթաց» կուսակցությունը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։ Տեղեկությունը հրապարակվել է կուսակցության ֆեյսբուքյան էջում։
«Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Միաժամանակ նշվում է, որ կուսակցությունն իր ստեղծման օրվանից փորձել է լինել այլընտրանք, այդ իսկ պատճառով մասնակցել է 2018-ի ԱԺ ընտրություններին և նաև որոշել է մասնակցել ավագանու ընտրություններին։ Այս տարիների ընթացքում կուսակցությունն ընդլայնել է մասնագիտական ներուժը և որակապես վերամշակել ծրագրերը։
Ըստ «Ազգային առաջընթացի»` ակնհայտ է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը ցանկանում է տեսնել այլընտրանք կամ այլընտրանքներ քաղաքական դաշտում։ Քաղաքական ուժը կարծում է, որ Երևանի խնդիրների մեծ մասը շարունակում է մնալ չլուծված, իսկ դրանց լուծման հեռանկարները գրեթե զրոյական են թե՛ ներկա իշխանությունների օրոք, թե՛ նախկինների վերադառնալու դեպքում։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հայտարարեց, որ Երևանի ավագանու ընտրություններում առաջադրելու է Տիգրան Ավինյանի թեկնածությունը։ Սեպտեմբերի 23-ին նա Երևանի փոխքաղաքապետ ընտրվեց։
Ընտրություններից մեկ տարի առաջ հայտնի է նաև քաղաքապետի երեք այլ թեկնածուի անուն՝ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ ազգությամբ ռուս Նատալյա Ռոտենբերգը, որը վերջերս է Հայաստանի քաղաքացիություն ստացել, երգիչ Ռուբեն Հախվերդյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Խորը շունչ քաշեք». Հայկ Մարությանը` ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին